Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը
Ճապոնիայի նոր վարչապետ Սիգերու Իսիբան խորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ տարածքային վեճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իսիբան ասել է, որ կձգտի հասնել Ռուսաստանի հետ տարածքային վեճի լուծման, թեև երկրների երկկողմ հարաբերություններում դիտվում է սառնություն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։
Ճապոնիան հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս` Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թ. Առևտրի և սահմանների մասին համաձայնագիրը: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածից վեր է։
Միևնույն ժամանակ Իսիբան հայտնել է, որ Ճապոնիայի շուրջ անվտանգային իրադրությունն «ամենաբարդն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»։
Նա հիշատակել է Ճապոնիայի օդային տարածության վերջին խախտումները, որոնք վերագրվում են Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների մշակումները, և կոչ է արել արմատապես ուժեղացնել Ճապոնիայի պաշտպանական ներուժը և ընդլայնել դաշինքները Տոկիոյի բարեկամ երկրների հետ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։
Իսիբան հաջորդ շաբաթ կցրի խորհրդարանը և հոկտեմբերի 27-ին համընդհանուր ընտրություններ կանցկացնի։