Ադրբեջանում չհաստատված գերիները 80-ն են, կան ստուգված վկայություններ․ Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանում պաշտոնապես հաստատված գերիների թիվը 23 է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Թե՛ 2020 թ․ պատերազմը, թե՛ 2023թ-ի ագրեսիան առաջ են բերել մարդասիրական խնդիրներ։ Ունեցել ենք գերեվարման դեպքեր երկու հարձակումների շրջանակներում էլ։ Երկու դեպքում էլ կան անհետ կորածներ։ Պաշտոնական հաստատված գերիների թիվը 23 է, ընդ որում՝ մենք հավաքական կերպով օգտագործում ենք «պատանդներ» տերմինը ու այս 23 թիվը ներառում է նաև թե քաղաքացիական գերիների, թե զինվորականների, որոնք փոխակերպվել են ռազմագերիների, թե Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանը, որոնց մենք համարում ենք քաղաքական բանտարկյալներ։
Նրանց գերեվարումը ուղղակի առնչություն չունի զինված գերեվարումների հետ։ Նրանք իրականացված գործունեության համար պահանջված են եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից և նրանց ձերբակալումն, ապօրինի կալանավորումը կապված է Արցախի ինքնորոշման համար իրականացված դիրքորոշման կամ արտահայտած տեսակետների հետ»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ մոտ 80 անձ կամ սպանվել է, կամ պահվում է գաղտնի հաստատությունում։
«23 գերիներից 5-ը դեռևս պահվում են 2020 թվականից, իսկ մնացյալ բոլորը արձանագրվել են 2023 թվականին։ Միևնույն ժամանակ, մենք բարձրաձայնում ենք բռնի անհետացած գերիների մասին։ Մեր փաստահավաք գործունեությունը թույլ է տվել փաստաթղթավորել 80 դեպք, ունենք տեսաձայնագրություններ, լուսանկարներ, հայրենադարձված գերիների ստուգված վկայություններ, որոնք հավաստում են՝ առնվազն 80 անձինք ևս հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ հսկողության ներքո, կարճատև ժամանակահատվածում զրկվել են ազատությունից, սակայն հետագայում բռնի կերպով անհետացել են։
Այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չկա նրանց ճակատագրերի վերաբերյալ։ Մենք չենք բացառում, որ նրանք կարող են ողջ պահվել փակ գաղտնի հաստատություններում, նույնկերպ չենք բացառում սպանված լինելու հանգամանքը ու իրավական առումով օգտագործում ենք մեկ այլ եզրույթ՝ բռնի անհետացած գերիներ»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։
Նա նաև հայտնեց՝ կան նաև անհետ կորածներ, որոնց տվյալները տարբեր կերպ են հաշվարկվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։