Վարորդը անսթափ վիճակում հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Դեպքի հարևանությամբ բնակվող քաղաքացիներին էլ իրենց զայրույթն էին հայտնում, ասելով ու մատնանշելով, որ նշված հատվածում հետիոտնային անցումը ոչ ճիշտ ձևով է նշված, արտաքին լուսավորությունն էլ բացակայում է։ Լույսերից միայն մեկն է աշխատում, այն էլ սովետական տարիներից է տեղադրված, հետիոտնի համար նախատեսված ցուցանակն էլ տևական ժամանակ պոկված և ընկած է ու նշված վայրում մահվան ելքով 9-րդ վրաերթն է տեղի ունեցել, իսկ պատկան մարմինները գոնե այս ողբերգական վրաերթից հետո հետևություններ անեն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։