Ո՞րն է Ադրբեջանի առաջ քաշած ամենավտանգավոր պահանջը. պարզաբանում է քաղաքագետը
Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, որով Հայաստանից պահանջում են պատժել բոլոր ռազմական «հանցագործներին», քաղաքագետ Գարիկ Քեռյանը համարում է լրացուցիչ ճնշում Հայաստանի վրա՝ կատարելու այն պայմանները, որոնց շուրջ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության չեն կարողանում գալ։
News.am–ի հետ զրույցում Գարիկ Քեռյանն ասաց. «Նման պահանջները, օրինակ, պատժել «հանցագործներին» կամ տեղեկություններ տրամադրել 1990–ական թվականների զանգվածային թաղումների վայրերի մասին, կամ պատասխանատվություն կրել մշակութային հուշարձանների ոչնչացման համար, կարելի է համարել լրացուցիչ կսմթոցներ, որոնց միջոցով ուզում են հուշել Հայաստանի իշխանություններին, որ էլի նոր պահանջներ ունեն։ Ավելին ասեմ, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը դիմի 30 տարվա «օկուպացիայի» հետևանքով իր կրած նյութական վնասների փոխհատուցման համար, որ որոշ հաշվարկներով անցնում էր 50-60 մլրդը։ Դրանք բոլորը պարզապես Ադրբեջանի պահանջներն են, Հայաստանը դրանց շուրջ չի գալիս զիջման։ Պահանջները հետևյալն են ՝ «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը, անկլավները, Հայաստանում նախկինում բնակեղված ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև բոլոր միջազգային ատյաններից հետ վերձնել Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը»։
Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը շարունակաբար ավելի մանր պայմաններ է ներկայացնում, որովհետև չի կարողանում Հայաստանի հետ համաձայնության գալ գլխավոր չորս պահանջների շուրջ։
«Այդ պահանջների համաձայնեցումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ամենաաղետալին կարող է լինել ադրբեջանցիների վերադարձը։ Իհարկե, դա կարող է լինել ձևականորեն փոխհադարձաբար, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ անգամ արցախցիները Լեռնային Ղարաբաղ չեն կարողանում վերադառնալ, էլ ի՞նչ մնացած վայրերի մասին է խոսքը»,–ասաց Գարիկ Քեռյանը։