ԵՄ-ն որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ Թբիլիսիի ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Այս տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք ԵՄ անդամ երկրների հետ քննարկեցինք, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական ու հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները: Եվ մենք որոշեցինք, որ Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Գերչինսկին։
Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ոչ մի շփում չի եղել ոչ իր կողմից վրացական իշխանությունների, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի հարաբերությունները սկսել են զգալիորեն վատանալ մայիսին խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո: