Իսրայելի ավիահարվածի պատճառով փակվել է Լիբանանից Դամասկոս տանող ճանապարհը
Իսրայելի ավիահարվածի պատճառով փակվել է Լիբանանից Դամասկոս տանող ճանապարհը, որով տասնյակ հազարավոր լիբանանցիներ վերջին երկու շաբաթներին մարտական գործողություններից փախչում են Սիրիա, հաղորդում է The Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ ճանապարհը փակվել է «Մասնաա» հսկիչ անցակետի մոտ։ Գործակալությունը պարզաբանում է, որ տարածաշրջանում ներկայիս հակամարտության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ աշխատանքը դադարեցնում է նման խոշոր սահմանային անցակետը։
Ավելի վաղ Իսրայելի զինվորականները «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրել էին «Մասնաա» հսկիչ անցակետը Լիբանան մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ:
Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հաղորդել էին, որ սեպտեմբերի 23-ից 30-ը Սիրիա է տեղափոխվել Սիրիայի 256 614 քաղաքացի և Լիբանանի 82 264 քաղաքացի։ Երկրների միջև աշխատում են ևս մի քանի այլ հսկիչ անցակետեր։
Իսրայելի բանակը նշել է, որ ավելի վաղ Բեյրութին հասցված հարվածի հետևանքով զոհվել է Մոհամեդ Ռաշիդ Սկաֆին՝ «Հեզբոլլահ»-ի հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարը։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։
Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այդ գնդակոծությանը կպատասխանեն, երբ անհրաժեշտ համարեն: