ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։ Այժմ տարածաշրջանում տեղակայված է 43 000 ամերիկացի զինծառայող, հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Մերձավոր Արևելքում սովորաբար տեղակայվում է մոտ 34 000 ամերիկացի զինծառայող, սակայն Իսրայելի և Լիբանանի միջև աճող լարվածության պատճառով Պենտագոնը որոշել է խմբավորումն ուժեղացնել ավիակիր հարվածային խմբով։ Արդյունքում, տարածաշրջանում ամերիկյան ուժերն ամրապնդվել են «մի քանի հազար զինվորականներով, ավելի քան 10 նավերով, կործանիչներով և այլ թռչող սարքերով», իսկ նրանց թվաքանակը հասել է 43 000-ի։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մեծացրել է իր ուժերի մարտունակությունը Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին։ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակում է պահպանել զգալի ռազմական ներուժը։
Վերջին օրերին Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և շարժման այլ բարձրաստիճան ղեկավարների սպանությունը, Իրանի կողմից Իսրայելի վրա ավելի քան 180 հրթիռ արձակելը մեծապես սրել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ լայնամասշտաբ պատերազմի մտավախություններ առաջացնելով։