ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը Աստանայում մասնակցել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին
Աստանայում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության ղազախստանյան ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Գործադիր կոմիտեի և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությունները։
Հաղորդվում է, որ հանդիպումից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է միջոցառման մասնակիցներին։
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Տոկաևը նշել է, որ հարթակը հաստատվել է որպես անվտանգության ոլորտում ջանքերը համակարգելու գործիք, և ժամանակակից պայմաններում խորհրդի դերն էլ ավելի է մեծանում։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են միջազգային ահաբեկչության, անօրինական միգրացիայի, անդրազգային հանցագործությունների, կիբեռհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հետախուզական ծառայությունների միջև համագործակցության ընթացիկ հարցեր:
«Հանդիպման արդյունքում հատուկ ստորաբաժանումների ղեկավարները համաձայնության են եկել համագործակցության ձևերի և ոլորտների ընդլայնման, ինչպես նաև ԱՊՀ երկրների անվտանգության ապահովման աշխատանքներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտության շուրջ», - հաղորդում է Sputnik Ղազախստանը։
Ընդունելության ընթացքում Ղազախստանի նախագահը նաև նշել է, որ օպերատիվ և վերլուծական տեղեկատվության ժամանակին փոխանակումը հնարավորություն է տալիս բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը և նպաստում է ԱՊՀ երկրների ազգային շահերի պաշտպանության համակարգված մոտեցումների զարգացմանը։
ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ 1997 թվականի մարտի 28-ի որոշմամբ։
Նպատակը միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և գործունեության այլ համաձայնեցված ոլորտներում հատուկ ծառայությունների գործողությունների փոխգործակցությունն ու համակարգումն է։