Ձերբակալվածներին հորդորել են մեղքը բարդել վարչապետ Էրդողանի վրա
Թուրքիայում օրեցօր թեժանում է կոռուպցիոն սկանդալը և խորանում է ներկառավարական ճգնաժամը: Թուրքական «Յենի Շաֆաք» թերթի Անկարայի թղթակից Աբդուլքադիր Սելվին տարածել է մի սկանդալային տեղեկություն, համաձայն որի, ձերբակալվածներին առաջարկվել է իրենց ցուցմունքներում մեղադրանքներ ներկայացնել վարչապետ Էրդողանի դեմ և այդ կերպ վաստակել իրենց ազատ արձակումը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Այդ մասին Սելվին հայտնել է «ՀաբերԹուրք» հեռուստաալիքի եթերից: Մասնավորապես այն հարցին, թե դեկտեմբերի 17-ի ոստիկանական օպերացիայից հետո արդյոք վարչապետ Էրդողանն է որոշ նախարարների պարտադրել հրաժարական տալ, թե ոչ, Սելվինը պատասխանել է. «Դա չգիտեմ, բայց մեկ այլ բան գիտեմ: Տեղյակ եմ, որ նախարարների ձերբակալված որդիներին և մյուս ձերբակալվածներին հորդորել են մեղքը բարդել վարչապետ Էրդողանի վրա, ցուցմունք տալ, թե իրենք գործել են բացառապես նրա հրահանգներով: Նման ցուցմունքների դեպքում ձերբակալվածներին խոստացել են ազատ արձակել»: