Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։
«Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լայնածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,- նշել է ՄՊՀ նախագահը:
Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է սպառողների պաշտպանության միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը և լավագույն փորձի ուսումնասիրությունը ինչպես իրավական դաշտի լավարկման, այնպես էլ կիրարկման արդյունավետ մեխանիզմների և գործիքների ներդրման առումով: