Իտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում անհայտ բնօրինակը. The Guardian
Կնոջ դիմանկարը, որը 1962 թվականին Կապրի կղզում գտնվող իր տան նկուղում գտել է իտալացի առևտրական Լուիջի Լո Ռոսսոն, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) բնօրինակ գործն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է բրիտանական The Guardian պարբերականը։
Նշվում է, որ նկարը մի քանի տասնամյակ կախված է եղել առևտրականի տան հյուրասենյակում, հետո նրա որդին սկսել է կասկածել, որ այն կարող է պատկանել Պիկասոյի վրձնին։ Դրանից հետո ընտանիքը դիմել է փորձագետներին, որոնք երկարատև ուսումնասիրության ընթացքում հաստատել են կտավի իսկությունը։
«Ոչ մի կասկած չկա, որ ստորագրությունը պատկանում է նրան (խմբ.՝ Պիկասոյին)», - The Guardian-ին հայտնել է ձեռագրաբան և Arcadia հիմնադրամի գիտական կոմիտեի անդամ Չինցիա Ալտիերին։
Դիմանկարում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ Դորա Մաարը, որը եղել է Պիկասոյի սիրուհին և մուսան։ Կտավի արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո: Նկարիչը հաճախ է այցելել Կապրի կղզի։ Ենթադրվում է, որ նա կարող էր այդ դիմանկարը նկարել 1930-ից 1936 թվականներին։
Պիկասոն նկարիչ է, քանդակագործ և դիզայներ, կուբիզմի հիմնադիրներից մեկը, «Գեռնիկա», «Ավինյոնցի օրիորդներ», «Աղջնակը գնդի վրա» կտավների, «Խաղաղության աղավնի» գծանկարի և այլ գործերի հեղինակը։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 14 000 գործ։ Arcadia հիմնադրամն օրական հարյուրավոր հաղորդագրություններ է ստանում այն մարդկանցից, ովքեր պնդում են, թե ունեն նրա վրձնին պատկանող նկար: