Ադրբեջանը պատմություն է հորինում, որպեսզի փաստարկ ունենա իր գործողություններին աջակցելու համար. Ստեֆան Շեննախ
«Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից կան մշակութային կամ կրոնական ժառանգություն ներկայացնող վայրերի ավերածություններ։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ավերել է հայկական գերեզմանները, մենք չենք կարող դա ընդունել,մշակութային ժառանգությունը նշանակում է նաև հոգ տանել կրոնական խորհրդանիշների մասին»,- այս մասին Alpha News-ին ասել է ԵԽԽՎ Ադրբեջանի գծով մոնիտորինգի հանձնաժողովի նախկին համազեկուցող, ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննախը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը միայն ասում է, որ Բաքվում հայկական եկեղեցի կա, բայց այնտեղ չեն կարող մտնել։
«Շենքը կա, բայց շատ այլ բաներ քանդվել են։ Լեռնային Ղարաբաղի մյուս տարածքները օգտագործվել են այլ նպատակների համար: Որպես բանախոս՝ ես ծրագիր ունեի ուսումնասիրելու այս վայրերը, ստացա տարբեր փաստաթղթեր մշակութային ժառանգության, կրոնական մշակույթի վայրերի ոչնչացման մասին, բայց Լեռնային Ղարաբաղ գնալու հնարավորություն չկար։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի տարածքում որոշ հայկական գերեզմանոցներ այլևս գոյություն չունեն, Բաքվում նման գերեզմանոցի տեղում սուպերմարկետ է»,- նշել է Շեննախը։
Խոսելով պատմության խեղաթյուրման և հայկական մշակութային ժառանգության յուրացման մասին՝ նա նշել է.
«Նրանք (ադրբեջանցիները) միշտ փորձում են մեզ պատմել ալբանացիների մասին, բայց դա հիմարություն է, բոլորը, որոնք մի քիչ պատմություն են իմանում, ապա գիտեն, որ նախկինում ալբանացիներ չեն եղել։ Դա պատմություն պատմելու մի տեսակ է, քանի որ երբ ուզում ես փաստարկ ունենալ՝ ի պաշտպանություն քո գործողությունների, դու պատմություն ես հորինում: Ադրբեջանում տարբեր մարդիկ փորձում էին ինձ համոզել դրանում, բայց ես նրանց ասացի, որ նրանք ոչ թե ալբանացիներ են, այլ հայեր»։
Խոսելով Ադրբեջանի և Եվրախորհրդի միջև հարաբերությունների հետագա զարգացման մասին՝ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը նախ և առաջ պետք է հանի երկիր մուտքի արգելքը։
«Ես այն 76 պատգամավորներից մեկն եմ, որոնց արգելել են մուտք գործել Բաքու, քանի որ մենք ուղղակի մեր գործն էինք անում՝ քվեարկում։ Եթե դուք հայտարարում եք, որ, այսպես կոչված, դեմոկրատական հանրապետություն եք, ապա պետք է ընդունեք, որ միջազգային կազմակերպությունը քվեարկություն է անցկացնում։
ԵԽԽՎ քվեարկությունն այնուհետև աջակցություն հայտնեց Ադրբեջանին դիմելու համար՝ կարգավորելու մարդու իրավունքների և բանտարկյալների հետ կապված իրավիճակը: Նրանց արձագանքն էր Անար Մամմեդլիին, ով արժանացել էր Վացլավ Հավելի մրցանակին, անմիջապես բանտ ուղարկելը։ Դա մենք չենք կարող ընդունել։ Այս պահին Ադրբեջանում բանտերը լեփ-լեցուն են։ Այնտեղ կան նաև հայ գերիներ, որոնք չպետք է լինեն»,- ասել է նա։