Մեր զինված ուժերը պատրաստ են սիոնիստական ռեժիմի հնարավոր գործողություններին․ Իրանի ԱԳՆ
Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ այս գործողությունը կարող է վերականգնել աշխարհաքաղաքական զսպումը տարածաշրջանում։
«Մեր զինված ուժերը պատրաստ են սիոնիստական ռեժիմի հնարավոր գործողություններին: Սիոնիստական վարչակարգի և նրա կողմնակիցների ցանկացած նոր գործողություն Իրանի կողմից կարժանանա ավելի կոշտ արձագանքի, և այդ մասին ես տեղեկացրել եմ երեկ երեկոյան իմ հեռախոսազանգերում», - ասել է Արաղչին:
Նա հավելել է, որ պաշտոնական Թեհրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը պաշտպանության իրավունք ունի, սակայն մտադիր չէ շարունակել գործողությունը:
«Մենք նաև Ամերիկային զգուշացրել ենք հետ քաշվել և չմիջամտել... Ես գալիք օրերը պայծառ եմ տեսնում։ Հակամարտության հավանականություն կա, սակայն մեր ուժերը լիովին պատրաստ են։ Անցած գիշեր մենք թիրախավորել ենք միայն ռազմական և անվտանգության թիրախները, և ի տարբերություն իսրայելցիների, չենք մտել հանրային դաշտ։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին աստիճանաբար որոշակի կայունություն կտեսնենք տարածաշրջանում»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։