ՔՊ-ում վստահեցնում էին, որ հաջորդ նախարարը կին է լինելու. ինչ այլ անուններ են շրջանառվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ:
Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ ՔՊ-ականների, նույնպես զտարյուն ՔՊ-ական չէ, իսկ հեղափոխության առաջամարտիկ Արփի Դավոյանն ասել է, որ Գրիգոր Մինասյանի փոխարեն պետք է ՔՊ թիմի ներկայացուցիչը նշանակվի նախարար։
Փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածության մասին էին խոսում, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների գործող պաշտպան Անահիտ Մանասյանի: Իհարկե, Մանասյանը թուղթութամասով ՔՊ-ական չէ, բայց հոգով-սրտով այդպիսին է։
ՔՊ-ում երեկ փակագծեր չէին բացում, միայն վստահեցնում էին, որ հաջորդ նախարարը կին է լինելու։
Ի դեպ, Մինասյանի հետ համակարգից կհեռանան նրա կադրերը, հատկապես՝ աղմկահարույց Պրոբացիայի ծառայության պետը, իսկ Քրեակատարողական ծառայության պետն արդեն ժամեր անց դիմումը ներկայացրեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։