ԵԱՏՄ-ն որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է․ ՌԴ վարչապետ
Եվրասիական տնտեսական միությունը որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Երևանում անցկացվող «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում ապահովվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ:
«Այս տարի լրացավ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը։ Միջազգային կազմակերպությունների չափանիշներով սա ամենամեծ ժամկետը չէ։ Բայց արդեն կարելի է վստահաբար ասել, որ մեր ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջողությամբ աշխատում է։ Հաջողվել է կառուցել փոխգործակցության այնպիսի մոդել, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ։ Ընդ որում, մասնակիցների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելով»,-նշեց Միշուստինը։
Նրա խոսքով՝ այժմ Միության երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները, իսկ Միությունը գնալով ավելի ճանաչելի է դառնում միջազգային ասպարեզում: