Հնդկաստանը մտադիր է առաջին պաշտպանական ձեռնարկությունը կառուցել արտասահմանում
Հնդկաստանի Tata Group արդյունաբերական կոնգլոմերատը ռազմական արդյունաբերության խոշոր գործարան կկառուցի Մարոկկոյում։ Այն կդառնա առաջին պաշտպանական ձեռնարկությունը, որը Հնդկաստանը կկառուցի արտասահմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Tata Group-ին պատկանող Tata Advanced Systems LTD ընկերությունը ծրագրում է ձեռնարկություն կառուցել Կասաբլանկայում։ Այն կարտադրի զրահատեխնիկա Մարոկկոյի թագավորական զինված ուժերի համար: Երկարաժամկետ հեռանկարում այն իր արտադրանքը կմատակարարի Աֆրիկայի այլ երկրների։
Գործարանը կկարողանա արտադրել տարեկան 100 մարտական մեքենա և կսկսի գործել մեկ տարվա ընթացքում։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելին իր առաջնահերթությունն է դարձրել հարաբերությունների զարգացումն Աֆրիկայի երկրների հետ։
The Economic Times-ը նշում է, որ Հնդկաստանը ցանկանում է ավելացնել պաշտպանական ոլորտի արտահանումներն Աֆրիկա։ Այս ուղղությամբ արդեն առկա են մի շարք պետական նախաձեռնություններ։ Չինաստանն արդեն հանդիսանում է Աֆրիկայում պաշտպանական արտադրանքի հիմնական մատակարար, մինչդեռ տարածաշրջանում նախկինում գերիշխում էին ռուսաստանյան և եվրոպական մատակարարները։
Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ Նյու Դելին ակնկալում է աֆրիկյան երկրներին մատակարարել Tejas թեթև մարտական ինքնաթիռներ, Pinaka կայանքներ, Akash զենիթահրթիռային համալիրներ և ռուս-հնդկական Brahmos գերձայնային թևավոր հրթիռներ: