Իսրայելը հայտարարել է Լիբանանի մի շարք շրջանների հասցրած նոր հարվածների մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի շարք թիրախների Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ երկրի արևելքում գտնվող Բեքաայի հովտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
Ըստ Telegram-ում տարածված հայտարարության՝ ռմբակոծվում են Բեքաայի հովտում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող օբյեկտները։
Մեկ այլ հայտարարության համաձայն՝ կործանիչ ինքնաթիռները Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ»-ին պատկանող տասնյակ թիրախների են հարվածել, այդ թվում՝ «արձակման կայանքների, որոնց նշանառության տակ էր Իսրայելի տարածքը, շենքերի, որտեղ պահվում էին զենքեր, և ահաբեկչական ենթակառուցվածքների»։
Իր հերթին Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ ավելի քան 10 մարդ է զոհվել Բեքաայի հովտի Հերմել քաղաքում իսրայելական ավիահարվածներից։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կան մեծ թվով վիրավորներ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։
Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։