Իսրայելը հեռահար հարված է հասցրել Եմենում հութիների օբյեկտներին
Իսրայելը հայտարարել է, որ ռմբակոծել է Եմենում հութիների թիրախները՝ ի պատասխան վերջին երկու օրերին նրանց կողմից Իսրայելի վրա հրթիռների արձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա ևս մեկ ճակատ է բացում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունում։
Ըստ հութիների առողջապահական իշխանությունների՝ իսրայելական հարվածներից առնվազն 4 մարդ է զոհվել, 29 մարդ՝ վիրավորվել։ Ըստ բնակիչների՝ Հոդեյդա նավահանգստային քաղաքի մեծ մասում էլեկտրամատակարարումը խափանվել է։
Իսրայելը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ի հարվածների ընթացքում տասնյակ օդանավերի, այդ թվում՝ կործանիչ ինքնաթիռների միջոցով հարվածներ է հասցրել Հոդեյդայում տասնյակ էլեկտրակայանների և նավահանգստի, ինչպես նաև Ռաս Իսայի նավահանգստին։
Հութիները 2023 թ. հոկտեմբերից Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող հակամարտության ընթացքում պարբերաբար հարվածներ են հասցրել Իսրայելին և Կարմիր ծովով անցնող նավերին։
Սեպտեմբերի 28-ին հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի ուղղությամբ, որն, ըստ Իսրայելի, խոցվել է։ Հութիների կողմից արձակված ևս մեկ հրթիռ խոցվել էր սեպտեմբերի 27-ին։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավային շրջաններին, ինչպես նաև Բեյրութին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից ավելի քան 1000 մարդ է զոհվել, 6000 մարդ՝ վիրավորվել։