ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպում անցկացնել․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ ՌԴ նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ կամ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։
«Եթե նրանցից առաջարկ ստացվի, մենք միշտ պատրաստ ենք անցկացնել այդ բանակցությունները․ որոշողն իրենք են, եթե կցանկանան հանդիպել, մենք պատրաստ ենք։ Մենք նաև պատրաստ ենք միշտ իրականացնել այն, ինչ մեր մասնակցությամբ համաձայնեցվել է 2020-ի նոյեմբերի սկզբին։
Երկու տարվա ընթացքում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են երեք անգամ։ Ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, մենք համատեղ աշխատել ենք հաղորդակցության ուղիների բացման, սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների և այլ ուղղություններով։ Մենք պատրաստ ենք ուս ուսի կանգնել և կատարել այնտեղ արձանագրված բոլոր պարտավորությունները»,- ասել է Լավրովը։