Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայքար»-ի ակտիվ գործունեության հետաձգման հետ
Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ից վերսկսում են ակտիվ պայքարի շրջանը․ «Մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին, ժամը 18․30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում, մտնելով պայքարի ինտենսիվ ու հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ երաշխավորված հաղթանակով»,-հայտարարել էր Սրբազանը։
Նա հայտարարեց նաև, որ որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ի մասնավորի սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել են, որ ակտիվ պայքարի շրջանը վերսկսեն հոկտեմբերի 2-ին։
Operativ.am-ի տեղեկություններով «Սրբազան պայքար»-ի ակտիվ գործունեությունը հետաձգել են ոչ միայն Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունների պատճառով, որոնք ավարտվելու են սեպտեմբերի 29-ին, այլ իրական պատճառն այն է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական երրորդ ֆորումը և ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը։
Այսինքն, Բագրատ Սրբազանի ակտիվ պայքարի հետաձգման պատճառը «թաքնված» է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի Երևանում գտնվելու փաստով։
Այսպիսով, Միշուստինի Երևանից հեռանալուն պես, հոկտեմբերի 2-ին շարժումը կմտնի, ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, ինտենսիվ, հետևողական, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ։