Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անմարդկային է անվանել Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա։ Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնն առնվազն տեղյակ է եղել ահաբեկչության նախապատրաստման մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ահաբեկչական մեթոդների մեկ այլ վառ օրինակ՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, անմարդկային հարձակումն է Լիբանանի վրա՝ քաղաքացիական տեխնոլոգիաները մահաբեր զենքի վերածելով», - ասել է ռուս նախարարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը։
«Անհրաժեշտ է անհապաղ հետաքննել այս հանցագործությունը, սակայն այժմ անհնար է անտեսել բազմաթիվ հրապարակումներ ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Եվրոպայում և այստեղ՝ ԱՄՆ-ում, որոնք վկայում են այս կամ այն մասնակցության մասին․ գոնե Վաշինգտոնի տեղեկացվածությունը այս ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ»,- ընդգծել է նա։
Ռուսաստանը հասկանում է, որ «ամերիկացիները միշտ հերքում են ամեն ինչ և կանեն ամեն ինչ՝ ի հայտ եկող փաստերը կոծկելու համար, ինչպես արեցին՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք» գազատարի վրա ահաբեկչական հարձակումներին իրենց մասնակցության անհերքելի ապացույցների», - ասել է Լավրովը։
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և վոքի-թոքիները։
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ։ Հեզբոլլահը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։
Իսրայելի իշխանությունները դեռ չեն հաստատել կամ հերքել իրենց առնչությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիբանանում տեղի ունեցածը անվանել է հրեշավոր ահաբեկչություն և մեծ հակամարտություն հրահրելու փորձ։