Վեհափառն իր համար դամբարան է կառուցում
«Հրապարակ»-ը գրում է․
Մայր տաճարի հարեւանությամբ արդեն քանի տարի ակտիվորեն ընթանում եւ չի ավարտվում կաթողիկոսների համար կառուցվող դամբարանի շինարարությունը, որի գաղափարը պատկանում է հենց գործող կաթողիկոսին` Գարեգին Բ-ին։ Ժամանակին այս կառույցը սկսելու ժամանակ հայտարարվեց, որ այստեղ վերաթաղվելու են նախկինում մահացած կաթողիկոսները եւ հետագայում հանգչողները: Սակայն տեղեկացանք, որ դամբարանի կառուցման շուրջ նոր կրքեր են բորբոքվել Գերագույն հոգեւոր խորհրդում։
Պարզվում է, որ նախկին կաթողիկոսների վերաթաղում չի լինելու` հոգեւոր աշխարհը դեմ է վերաթաղմանը: Ստացվում է, որ այստեղ հուղարկավորվելու է միայն Գարեգին Բ-ն, մինչդեռ դամբարանը կառուցվում է 25 հայրապետի հուղարկավորության հաշվարկով։ Այսինքն, այն լուրերը, թե Գարեգին Բ-ն անձամբ իր համար դամբարան է կառուցում, ըստ էության, հաստատվում են։ Սակայն այլ խնդիր էլ կա: Բանն այն է, որ Գարեգին Բ-ից հետո ձեռնադրված հաջորդ կաթողիկոսները մահից հետո կարող են կտակ թողնել՝ խնդրելով իրենց հուղարկավորել ավելի համեստ, հոգեւորականին վայել վայրում, կամ, ասենք, ընտանեկան գերեզմանատանը։
Գերագույն հոգեւոր խորհրդի «ընդդիմադիր» թեւը կարծում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն այս քայլով ավելի է հեռացնում, օտարում եկեղեցուն իր հոտից եւ եկեղեցու միջոցներն անիմաստ բաների վրա է ծախսում։ Տարբեր շինարարական ձեռնարկների նկատմամբ նրա սերն արդեն Էջմիածնում էլ չեն հասկանում: