Կապանում խաչքար է տեղադրվել՝ նվիրված անմահացած հերոսների հիշատակին
Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի անդամները՝ համայնքի ղեկավարի տեղակալների գլխավորությամբ այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Այնուհետև Բաղաբուրջի հուշահամալիրում տեղի է ունեցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը, որի կառուցումը նախաձեռնել է բարերար Սերգեյ Մովսիսյանը, ով ծնունդով Տաթև համայնքի Քաշունի գյուղից է, սակայն մանկության տարիները անցկացրել է Կապանում։ Արարողությանը ներկա են գտնվել զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ընկերները, խաչի կառուցման հովանավորի հարազատներն ու այլ հյուրեր:
Խաչի օրհնության և լվացման կարգը կատարել են Վահանավանքի վանական համալիրի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը և Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խաչատուր Հայրապետյանը։
Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել նորակառույց խաչքարի պատվանդանին: