Վահե Ղազարյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու կարևոր նախապայման:
Ներքին գործերի նախարարը անդրադարձել է ՆԳՆ կադրային ռազմավարությանը, որի հիմքում աշխատանքի գնահատման և առաջխաղացման քաղաքականությունն է։
Նա խոսել է նաև Ներքին գործերի նախարարության բարեփոխումերի շրջանակում ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման հնարավորությունների մասին։
Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձել է կառուցվածքային փոփոխություններին, կարևորել պատշաճ կարգապահությունը՝ ոստիկանության բոլոր օղակներում։
Նա հորդորել է ծառայել սրտացավ և թույլ չտալ ոստիկանի կերպարը արատավորող, վարկաբեկող որևէ գործողություն։
Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը ներկայացրել են նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը, Համայնքային ոստիկանությանը, հասարակական կարգի պահպանմանը և ծառայությանը առնչվող մի շարք հարցեր։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, արձանագրված հանցագործությունների դեպքերը։