Սանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի նախնական ուսումնասիրություն իրականացրած GWCC Interival ZT GmbH և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախնական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Գնել Սանոսյանը խոսել է ՎԶԵԲ-ի հետ ունեցած համագործակցությունից, իրականացված մի շարք ծրագրերից, կարևորել աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։
Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպման համար կարևոր է ակտիվ համագործակցությունը։
Հյուրերը մանրամասն ներկայացրել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ։
Նախարարը հետաքրքրվել է ներկայացրած տարբերակների ֆինանսական, ռելիեֆային, տրանսպորտային և մյուս բաղադրիչների մանրամասնություններով և առանձնահատկություններով։