ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ դրամի ստվերային շրջանառություն
ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեներում առկա համակարգիչների, սերվերային համակարգերի և սկզբնական հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ կրիչների հետազոտմամբ հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ, որից շուրջ 800 միլիոն դրամը տնտեսավարող սուբյեկտների կողմից արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե։
Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ։