Խոշոր ավտովթար՝ Քասախ գյուղում. «Juke»-ը կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Juke» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Juke»-ը կողաշրջվել և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «Juke»-ի վարորդը, ով հանդիպակաց երթևեկել է, վթարային իրավիճակ ստեղծել առջևով ընթացող ավտոմեքենաների վարորդների համար, ապա «Mercedes»-ը դուրս է եկել դեպի գլխավոր մայրուղի, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը: