Իսրայելը մեկ օրում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի շուրջ 220 օբյեկտի և սպանել բարձրաստիճան հրամանատարի
Անցած օրվա ընթացքում Իսրայելի զինվորականները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման շուրջ 220 օբյեկտի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
«Խոցված թիրախների թվում եղել են ահաբեկիչների ենթակառուցվածքի օբյեկտներ, արձակման կայանքներ, որոնցից արկեր են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներ և Լիբանանում զենքի պահեստներ», - ասվում է Telegram-ում ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «շարունակում է «Հեզբոլլահ»-ին թուլացնելու և նրա ահաբեկչական հզորությունն ու ենթակառուցվածքները վերացնելու գործողությունները»:
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ ոչնչացրել է խմբավորման hրթիռային ուժերի հրամանատարի տեղակալ Աբբաս Իբրահիմ Շարաֆ ադ Դինին և մի շարք այլ բարձրաստիճան հրամանատարների։ Իսկ hրթիռային ուժերի ղեկավար Իբրահիմ Մուհամմադ Քաբիսիին Իսրայելը սպանել էր սեպտեմբերի 24-ին Բեյրութին հասցրած հարվածի ժամանակ։
Միևնույն ժամանակ, ԻՊԲ-ի տվյալներով, «Հեզբոլլահ»-ն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 150 արկ:
Իր հերթին «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ մի քանի հարձակում է իրականացրել Իսրայելի հյուսիսում՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Շիա շարժումը հաստատել է նաև իր անօդաչուների ստորաբաժանումներից մեկի ղեկավար Մոհամմադ Հուսեյն Սուրուրի զոհվելը։
Իսկ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 92 մարդ, 153 մարդ վիրավորվել է։ Սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։