Ֆինլանդիան ԵՄ-ից 50 միլիոն եվրո է խնդրել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը Եվրոպական միությանը խնդրում է 50 միլիոն եվրո հատկացնել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս որոշման մասին հայտնել է Ֆինլանդիայի կառավարությունը։
Մասնավորապես, պլանավորվում է ձեռք բերել շարժման տվիչներ, գեոլոկացիայի միջոցներ, նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ սարքավորումներ։ Կգնվի նաև 24 ավտոմեքենա, 18 կվադրոցիկլ և 34 ձյունագնաց։
«Արդյունքում, Ֆինլանդիայի արևելյան սահմանին զգալիորեն բարելավվում են հետախուզական հնարավորությունները և իրավիճակի հետ կապված իրազեկվածությունը», - նշել է Ներքին գործերի նախարարությունը:
Ֆինլանդիան ԵՄ-ում ամենաերկար սահմանն ունի Ռուսաստանի հետ, որը կազմում է 1340 կմ։