Հյուսիսում հրադադար չի լինի․ կշարունակենք կռվել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ․ Իսրայել Կաց
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ 21-օրյա հրադադար հաստատելու առաջարկը, որ ներկայացրել էին ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները։ Այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։
«Հյուսիսում հրադադար չի լինի։ Մենք կշարունակենք կռվել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ մեր ամբողջ ուժով՝ մինչև հաղթանակ և հյուսիսի բնակիչների ապահով վերադարձ իրենց տներ», - գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։
Մինչ այս Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ շուտով հրադադար կհաստատվի։ The New York Times-ն իր հերթին, վկայակոչելով պաշտոնյաների, հայտնել էր, որ կողմերն «առաջիկա ժամերին» կարող են ընդունել 21-օրյա հրադադար հաստատելու՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաջարկը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Նյու Յորք մեկնելիս ասել է, որ դեռ չի տվել իր պատասխանը հրադադարի վերաբերյալ և որ իր բանակին հրահանգել է շարունակել կռիվը։
Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։
Սեպտեմբերի 26-ին Յունին քաղաքի եռահարկ շենքերից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 23 սիրիացի է զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։