Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում․ զոհեր կան
Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող շենքերից մեկին, որտեղ ապրում էին սիրիացի աշխատողներ։ Նրանցից 23-ը զոհվել են, հաղորդում է The Associated Press գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան պետական գործակալությունը։
Հարվածը հասցվել է Սիրիայի սահմանամերձ Բեքաայի հովտում գտնվող Յունին քաղաքում։ Ըստ տեղի իշխանությունների՝ փլատակներից հանվել են 23 սիրիացիների մարմիններ։ Եվս 4 սիրիացի և 4 լիբանանցի վիրավորվել են։
AP-ն նշում է, որ 6 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում ապրում է գրեթե 780 000 գրանցված սիրիացի փախստական և հարյուր հազարավոր չգրանցվածներ։
Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։
Ավելի վաղ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ կոչ էին արել Իսրայելի և Լիբանանի սահմանին անհապաղ 21-օրյա զինադադար հաստատել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ:
Ըստ The New York Times-ի՝ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առաջարկը կարող է ընդունվել «առաջիկա ժամերին»: