Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 53.5 տոկոս. նախարար
Հայաստանի 2025 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին վերջում կկազմի 53.5 տոկոս:
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը:
Նախագծով պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ:
«2025-ի հարկաբյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետական բյուջեի պակասուրդը, որն աճում է մինչև 5.5 տոկոսի 2025-ին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոս մակարդակի: Արդյունքում՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին վերջում կկազմի 53.5 տոկոս»,-ասաց նախարարը: