ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը` կանխելով շաթդաունը
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ժամանակավոր ֆինանսավորում մինչև դեկտեմբերի 20-ը՝ խուսափելու կառավարության աշխատանքի դադարեցումից (շաթդաունից): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Hill-ը։
«Սենատը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 18 ձայնով», - գրում է հրատարակությունը։
Սենատում քվեարկությունից ժամեր առաջ Ներկայացուցիչների պալատը նույնպես աջակցել էր ֆինանսավորման կարճաժամկետ երկարացմանը 341 կողմ և 82 դեմ ձայնով:
Փաստաթուղթն այժմ ստորագրման համար կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Ըստ Սպիտակ տան՝ իր հերթին Բայդենը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի երկու պալատներին «այս երկկուսակցական համաձայնության և այն բանի համար, որ նրանք խուսափեցին թանկ արժեցող կառավարության շաթդաունից»:
«Իմ վարչակազմը կաշխատի Կոնգրեսի հետ՝ երաշխավորելու, որ միջոցներն ուղղվեն Ամերիկայի ազգային պաշտպանությանը, վետերաններին, տարեցներին, երեխաներին և աշխատող ընտանիքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ժողովրդի հրատապ կարիքների բավարարմանը», - ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան կողմից:
Ավելի վաղ Կոնգրեսի ղեկավարները համաձայնության էին եկել դաշնային գործակալությունների կարճաժամկետ՝ 3 ամսով ֆինանսավորման օրինագծի շուրջ, որպեսզի հոկտեմբերի 1-ին նոր ֆինանսական տարվա մեկնարկից հետո կառավարությունը շաթդաունի առջև չկանգնի։