ՏԿԵ նախարարն այցելել է Լոռու մարզ․ քննարկվել են աղետի գոտոում իրականացված աշխատանքները
Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ալավերդու համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային քննարկում, որին ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Քննարկվել են աղետի գոտում իրականացված վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև աղետի հետևանքով վնասներ կրած բնակարանների նորոգման, փոխհատուցման դիմումների ընդունման ընթացքը, ներկայացվել են գործընթացի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:
ՏԿԵ նախարարն ընդգծել է, որ առաջիկա ամիսները պետք է լինեն աղետից տուժած բնակավայրերում շինաշխատանքների ակտիվ ընթացքի և ավարտման փուլ (բնակարանների, շենքերի բակերի, տանիքների կապիտալ վերանորոգում և այլն):
Գնել Սանոսյանը հանձնարարել է շարունակել ուշադրության տակ պահել աղետից տուժած անձանց խնդիրները, աջակցել դիմումների՝ սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին, որպեսզի աղետի գոտու յուրաքանչյուր բնակիչ կարողանա ստանալ պետության կողմից սահմանված աջակցությունը: Նշվել է, որ հեղեղումներից տուժած ճանապարհները, թեև անցանելի են՝ շնորհիվ ժամանակավոր տրված լուծումների, սակայն Կառավարությունը քննարկում է դրանց կապիտալ հիմնանորոգման հարցը: Տեղեկացվել է նաև, որ արտերկրի մի շարք գործընկերների հետ ներկա պահին աշխատանքներ են տարվում նաև աղետի գոտում փլուզված կամուրջների կառուցման ուղղությամբ:
Այնուհետ նախարարը և մարզպետը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ եղել են Քարկոփ բնակավայրում, շրջայց իրականացրել, հետևել են ջրհեղեղից տուժած բնակարանների նորոգման, ինչպես նաև Քարկոփի դպրոցում ընթացող շինաշխատանքների ընթացքին, պատասխանել բնակիչների հարցերին՝ կապված աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի, փոխհատուցման գործընթացի հետ: