ԱԳ փոխնախարարը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներ
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անդորրայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների ակտիվացումը:
Մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կառավարման, առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտում փորձի փոխանակման և երկկողմ համագործակցության շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներ՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը և ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր: