238 զnհ, 22 անհետ կորած. Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց
Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։
«Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է...
Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։
Զոհերի թվում էին պատերազմներով անցած, մահվանը բազմիցս առերեսված և ճակատագրի բերումով ողջ մնացած հայորդիներ, տարեց մարդիկ, երեխաներ ու կանայք։ Հավերժ խնկարկում նրանց հիշատակին, ուժ ու կորով բազմաչարչար մեր ժողովրդին...»,- գրել է Ասկերանի «Բերդ» թերթը։
2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան, մինչ թշնամու գործողություններից հետո արցախցիները փորձում էին մի կերպ հասնել Հայաստան, տեղի ունեցավ հաջորդ ողբերգությունը՝ ուժեղ պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան։ Պայթյունից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Նա նշել էր, որ մարդկանց կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է, որ սանիտարական ավիացիան շատ շտապ վայրէջք կատարի Ստեփանակերտում։
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնել էր, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։