Գերմանիան Ղազախստանին խնդրել է ավելացնել նավթի մատակարարումները
Ղազախստանը Գերմանիայից ստացել է նավթի մատակարարումները մինչև 2,5 միլիոն տոննա ավելացնելու խնդրանք: Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը։
«Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ 1,2 միլիոն տոննա (արտահանել Գերմանիա). նրանց կողմից խնդրանք կա ավելացնել (մատակարարումը)՝ ընդհանուր առմամբ հասցնելով 2,5 միլիոն տոննայի», - Սատկալիևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Նախարարը չի հստակեցրել՝ կկարողանա արդյոք Ղազախստանն ապահովել արտահանման աճը մինչև 2,5 մլն տոննա և ինչ ժամկետներում։
Ավելի վաղ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է մեծացնել նավթի արտահանումը գերմանական շուկա։
2023 թվականի արդյունքներով, «Դրուժբա» նավթամուղով Գերմանիայի ուղղությամբ փոխադրվել է 993 000 տոննա ղազախական նավթ:
Ղազախստանը նավթի արտահանումը Գերմանիա սկսել է «Դրուժբա» նավթամուղով` իր նավթի արտահանման երթուղիների դիվերսիֆիկացման շրջանակներում: