«Հեզբոլլահ»-ը հաստատել է Իսրայելի ավիահարվածից իր հրամանատարի մահը
Բեյրութին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Նման տեղեկություն է տարածել Իսրայելը, այնուհետև «Հեզբոլլահ»-ը հաստատել է դա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սպանված հրամանատար Իբրահիմ Քուբաիսին գլխավորում էր «Հեզբոլլահ»-ի հրթիռային ուժերը։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 23-ից Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տեղահանված հազարավոր մարդիկ ապաստան են գտել Բեյրութի դպրոցներում և այլ հաստատություններում։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու հակամարտությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, այդ թվում՝ զինամթերքի պահեստներին, հրթիռային կայանքներին և այլ թիրախների։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հարձակումները թուլացրել են «Հեզբոլլահ»-ին, և որ դրանք կշարունակվեն։