Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով և ազատ աշխարհ․ Քամալա Հարիսի նամակը ամերիկահայ համայնքին
ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նամակ է հղել ամերիկահայ համայնքին՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեմոկրատների թեկանածուն նամակում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ընդգծել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի կարևորությունը՝ նկատելով, որ դա տարածաշրջանում կայունությունը վերականգնելու կարևոր պայման է։
«Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։ Դա այն օրն է, երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար: Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և սպանվեցին: Այդ ողբերգությունը հայ ժողովրդի ինքնության մի մասն է։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր մեր հավաքական ամերիկյան պատմության մեջ:
Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»,- նշված է նամակի մեջ։
Քամալա Հարիսն իր նամակով նաև տեղեկացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:
«Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս՝ ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները:
Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- եզրափակվում է Հարիսի՝ հայ համայնքին ուղղված նամակը։