28 ստարտափ՝ 16 երկրից. Դիլիջանում մեկնարկեց «ՆերՈւժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
28 ստարտափ՝ 16 երկրից. այսօր Դիլիջանում մեկնարկեց «ՆերՈւժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սփյուռքահայ ստարտափերները ժամանել են Հայաստան՝ ներկայացնելու իրենց տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու և վերածելու կայուն բիզնեսի։
«Այս տարի առաջին անգամ ծրագրի շրջանակներում ներգրավվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play»-ը, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակիցների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափերների հետ:
Շնորհավորելով ներուժցիներին՝ ընդգծել եմ, որ այս ծրագիրը կարևոր քայլ է սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և համահայկական ներուժը Հայաստանում կենտրոնացնելու համար, նշել, որ «ՆերՈւժին» մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու. տեղափոխվել Հայաստան և ներդրում ունենալ մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։
Բացման խոսքով են հանդես եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play միջազգային աքսելերատորի ներկայացուցիչ Ալֆրեդո Գոմես Սորիան»,- գրել է նա։