Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները կհանդիպեն․ մանրամասները հայտնի են
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։
«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը կկայանա երրորդ անգամ։
Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,- ասել է նա:
Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ 2023 թվականի մայիսի վերջին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։