Պետք է կանխենք Իսրայելի հանցավոր գործողությունները․ Իրանի նախագահ
«Կա վտանգ, որ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հրդեհը կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Մենք չպետք է թույլ տանք Լիբանանին դառնալ ևս մեկ Գազա Իսրայելի ձեռքին»,- CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նշել է, որ Իսրայելի գրոհը Լիբանանի վրա կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության, որը կսպառնա Երկիր մոլորակի խաղաղությանը։ «Մենք պետք է կանխենք շարունակվող հանցավոր գործողությունները, որոնք կատարում է Իսրայելը»,- ասել է նա։
Իրանի նախագահը նշել է նաև, որ «Հեզբոլլահը» միայնակ է դիմակայում Իսրայելին, որին աջակցում են արևմտյան եկրները։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Իսրայելը հայտարարեց Լիբանանի վրա զանգվածային ավիահարվածների մասին: Նշվեց, որ թիրախում «Հզբոլլահ» շարժման օբյեկտներն են։
Այս պահին հայտնի է 492 զոհի և 1645-ի վիրավորի մասին: