95 կգ կոկաին է հայտնաբերվել բանանների մեջ․ հետաքննությունը շարունակվում է
Գերմանիայի մի քանի քաղաքներում գտնվող մթերային խանութների ցանցի 11 բաժանմունքներում բանանների տուփերում հայտնաբերվել է, ընդհանուր առմամբ, 95 կիլոգրամ կոկաին, այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ըստ Մյոնխենգլադբախի դատախազության և ոստիկանության՝ փաթեթները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի Մյոնխենգլադբախ, Դույսբուրգ և Կրեֆելդ քաղաքներում, ինչպես նաև Ֆիրզենի, Հայնսբերգի և Նոյսի շրջաններում։
Իրավապահ մարմինները հայտնաբերված կոկաինի խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատում են ավելի քան 7 միլիոն եվրո։ Հայտնի է, որ բանանի խմբաքանակը, որի մեջ եղել են թմրանյութի փաթեթները, եկել է Հարավային Ամերիկայից։ Ոստիկանությունում ու դատախազությունում կարծում են, որ այս խմբաքանակը սխալմամբ հայտնվել է սուպերմարկետների ցանցում. դրա անվանումը չի նշվում գերատեսչությունների համատեղ մամուլի տեղեկագրում։
Կոկաինի մաքսանենգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։ Ներկա պահին առկա տեղեկությամբ, բանանի խմբաքանակը սկզբում ծովով հասել է Անտվերպենի նավահանգիստ։