Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կհամագործակցի Միլանի «Լա Սկալա» թատրոնի ակադեմիայի հետ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին։
Փաստաթղթի ստորագրմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հուշագրի ստորագրման նպատակն է նպաստել երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաև սահմանել թատրոնների միջև համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման, կրթական, տեխնիկական վերապատրաստումների ոլորտներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մեծապես արժևորել է այս փոխգործակցությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններից է հայ մշակույթի հանրահռչակումը, և այս հուշագրի ստորագրումը գերազանց հնարավորություն է այդ նպատակն իրագործելու համար։
«Ուսանելով նման հեղինակավոր կառույցում՝ հայ մասնագետները կզարգացնեն իրենց մասնագիտական փորձառությունը՝ աշխատելով ժամանակին համընթաց և նպաստելով հայ մշակույթի, արվեստի զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը:
Մաեստրո Կարեն Դուրգարյանի խոսքով՝ սա բացառիկ և աննախադեպ մասշտաբի ծրագիր է, որը միտված է թատրոնի աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը ֆոտո և վիդեո նկարահանման, բեմական ռեժիսուրայի, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի, բեմական լուսավորման և ձայնային ռեժիսուրայի, բեմական գրիմի և բեմական կոստյումների մշակման ոլորտներում:
Լուիզա Վինչին կարևորել է այս համագործակցությունը և նշել, որ բոլոր ջանքերը կներդրվեն ծրագրի իրականացման համար։ Նրա խոսքով` ծրագիրը կնպաստի ոչ միայն թատրոնի ստեղծագործողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, այլև թույլ կտա զարգացնել բեմի տեխնիկական սպասարկումը և ժամանակակից կառավարումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջազգային ներկայացուցիչ Էտտորե Վոլոնտիերին:
«Ես հայաստանյան օպերային թատրոնում առաջին անգամ եղել եմ 1992 թվականին և տեսել եմ, թե ինչ դժվարին ուղի է անցել թատրոնը, աշխատել եմ բազմաթիվ տաղանդավոր հայ արտիստների հետ, որոնք մեծ բեմեր են նվաճել, ինչպես նաև արձանագրել եմ, թե ինչ մեծ զարգացում է ապրում թատրոնը հատկապես վերջին տարիներին։ Վստահաբար կարող եմ ասել, որ մաեստրո Դուրգարյանի այս նախաձեռնությունն առավելապես նոր նշաձող կսահմանի թատրոնի զարգացման գործում»։
Կրթական ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի՝ 2025 թվականի գարնանը։