Հրաչյա Ղևոնդյանի պաշտպանները Գլխավոր դատախազից խնդրել են վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել․ հայտարարություն
«Հրաչյա Ղևոնդյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Հրաչյա Ղեւոնդյանի նկատմամբ հարուցված քրեական հետապմդումը դադարեցնել և վարույթը կարճել հիմք ընդունելով երեք ատյանների կողմից հաստատված այն փաստը, որ բացակայում է Հրաչյա Ղեւոնդյանի կողմից իշխանության յուրացման նախապատրաստության հիմնավոր կասկածը։
Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաեւ
Արամ Վարդեւանյան
Էրիկ Ալեքսանյան»,-նշվում է պաշտպանական խմբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազության՝ Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելը, երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) որդին կմնա ազատության մեջ։
Հիշեցնենք՝ դեռևս մայիսին Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որտեղ Հրաչյա Ղևոնդյանը, որին ձերբակալել են իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով, ներկայացվում է որպես ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի (կադրերում Լևոն Քոչարյանն է) մերձավոր։
Կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ խոսվում է կառավարական շենքերը գրավելու մասին։ Նշվում է, որ դիտարկվել է 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։