Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 23-ից աշխատանքային այցով Նյու Յորքում է՝ մասնակցելու Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր։
Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովն ավելի քան 10 տարի է միավորում է պետությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին, գործարար շրջանակի ղեկավարներին, ՀԿ-ների ղեկավարներին ու ակտիվիստներին՝ անդրադառնալով աշխարհում առկա ամենահրատապ մարտահրավերներին՝ բացահայտելու դրանց լուծման հնարավոր ուղիները և համագործակցության շրջանակները:
Օրակարգային հիմնական հարցերից են սոցիալական առաջընթացը և նորարար տեխնոլոգիաները, մարդու իրավունքները։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հանդիպումը Կոնկորդիայի գագաթնաժողովի ղեկավար խորհրդի հետ՝ համագործակցության առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով, որը կենտրոնացած կլինի սոցիալական առաջընթացի վրա։ Այս ուղղությամբ աշխատանքներ տանելու պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք էր բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հանդիպման ժամանակ՝ վերջինիս Հայաստան կատարած այցի ընթացքում։
Այցի շրջանակում նախարար Մկրտչյանի մասնակցությամբ նախատեսված են նաև այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում միջազգային լավագույն փորձի և նորարարական նախաձեռնությունների, նոր համագործակցությունների հաստատման, կառուցողական երկխոսություններ խթանելու նպատակով։