Լիբանանը հայտնել է Իսրայելի հարվածների հետևանքով 100 զոհի, 400 վիրավորի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 300 թիրախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հայտնել է X սոցիալական հարթակում:
Իր հերթին The Associated Press-ը, հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ գրոհների հետևանքով զոհվել է 100, վիրավորվել` ավելի քան 400 մարդ։
ԻՊԲ-ն իր հերթին հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի հյուսիսային բնակավայրերի վրա են արձակվել տասնյակ արկեր, որոնց մի մասը խոցվել է, մյուսներն ընկել են բաց տարածքում։
Սա 2023 թ. հոկտեմբերից «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների ընթացքում մեկ օրում զոհերի ամենամեծ թիվն է։ Իսրայելցի զինվորականները Լիբանանի քաղաքացիներին ավելի վաղ կոչ էին արել հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է «Հեզբոլլահ»-ը։
Կողմերի միջև իրավիճակը սրվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որոնք առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ են դարձել։
Մինչև սեպտեմբերյան այս լարվածությունը, ըստ The Associated Press-ի, Լիբանանում շուրջ 600 մարդ է զոհվել. նրանց մեծ մասը զինյալներ են, սակայն նրանց շարքում կա 100-ից ավելի խաղաղ բնակիչ։