Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Գասպարյանը: Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են:
«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է: Ավարտում եմ պրոֆեսիոնալ կարիերան: Որոշումը շատ դժվար տրվեց ինձ: Միշտ ինձ սպորտում եմ տեսել ու հիմա էլ հեշտ չի լինելու»,-ասաց Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նվաճում էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կամ դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, այդ ժամանակ ևս ծնկի վնասվածքը եղել ու անհանգստացրել է իրեն:
«Բնական է, որ ափսոսանք ունեմ, բայց սպորտից չեմ հեռանալու ամբողջապես: Գուցե կմնամ վարչական ոլորտում, դեռևս ոչինչ հստակ չէ»,-ասաց նա:
Ծանրորդ Սամվել Գասպարյանը 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր է: Երեք անգամ (2019, 2022, 2024) դարձել է Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: