Եվրաջասթն ու Հայաստանը ընդլայնում են գործակցությունը. Արդարադատության նախարարն ընդունել է Եվրաջասթի նախագահին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը կարևորել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ գործակցությունը քրեական արդարադատության ոլորտում կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։
Կողմերը երկուստեք ողջունել են 2024թ. սեպտեմբերի 13-ին Եվրաջասթի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը և կարևորել սեպտեմբերի 23-ին համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրումը։
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության իրավապահ և արդարադատության ոլորտի մարմինների միջև ստեղծվել է գործակցության ամուր փաստաթղթային հիմք: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակցության խորացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը շնորհավորել է Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով և կարևորել Եվրաջասթի ու Հայաստանի գործակցության հաստատումը:
Լադիսլավ Համրանն ընդգծել է նաև Հայստանի կողմից Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազի նշանակման կարևորությունն ու ներկայացրել գործակցության ուղիներն ու հնարավորությունները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում: