Արմեն Մնացականյանը Ռոստովից ժամանել էր եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով. փաստաբան
Ստանձնել եմ Սերոբ Գասպարյանի հետ մեկտեղ իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող, արցախյան քառասունչորսօրյա և քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից արցախցի Արմեն Մնացականյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարազատների խնդրանքով ընդամենը իրազեկում եմ, որ վերջինս Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար և բռնի կերպով ձերբակալված նրա ընտանիքի անդամներն ու հարազատները նույն օրն ազատ են արձակվել։ Ինչ վերաբերում է Արմեն Մնացականյանին կալանավորելու որոշմանը, ապա այդ կապակցությամբ հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։